«Իրատես»-ի հյուրն է կինոռեժիսոր ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼՅԱՆԸ:
-Վերջին տասնամյակում հաճախ են հնչել հայկական կինոն միջազգային ասպարեզ դուրս բերելու, կինոարտադրության համար առավելագույնս լավ պայմաններ ստեղծելու խնդիրների մասին: Սակայն վիճակը բարելավելու փոխարեն հետզհետե նվազել է կինոստուդիաների քանակը: Վերջերս էլ կառավարությունը «անշարժ գույքը ավելի արդյունավետ օգտագործելու» պատրվակով որոշել է մասնավորեցնել նաև «Հայֆիլմ» կինոստուդիան: Ձեր կարծիքով՝ մասնավորեցումը կինոստուդիայի զարգացմա՞ն, թե՞ կործանման ճանապարհ է:
-«Հայֆիլմը» և հեռուստաֆիլմերի «Երևան» կինոստուդիան փակվեցին միաժամանակ: «Երևան» ստուդիան, որը ես պատիվ ունեի ղեկավարելու, լուծարվեց: Երբեմն լուրեր էին պտտվում, թե ինչ-ինչ կարգավիճակով այն շարունակում է գործել, բայց ֆիլմարտադրություն չկար: «Հայֆիլմի» վիճակն ավելի բարդ էր, քանի որ այն 2005 թվականին սեփականաշնորհվեց սկանդալային ու անհեթեթ գնով՝ 600 հազար դոլարով, իսկ կարճ ժամանակ անց ճանաչվեց սնանկ: Նյութական առումով կինոստուդիայի հարստությունը 30 հեկտար տարածք էր, մի քանի մասնաշենք, հարյուր հազար դոլար արժողությամբ հատուկ տեխնիկա, սարքավորումներ, բազմաթիվ ավտոմեքենաներ և այլն, սակայն ամենակարևորը խաղարկային, վավերագրական կինոֆիլմերն էին, որոնց թիվը հազարների էր հասնում, և այդ ամենը սեփականաշնորհվեց գույքային և հեղինակային իրավունքներով հանդերձ, ինչը անթույլատրելի էր: «Հայֆիլմի» վաճառքի ժամանակ տարբեր խոստումներ էին տրվում, թե այնտեղ կնկարահանվեն հոլիվուդյան ֆիլմեր, որ կինոստուդիան կդառնա տարածաշրջանում ամենամեծ բազան, իսկ իրականում կիսաքանդ եղած կինոստուդիան ամբողջովին քանդվեց: «Հայֆիլմի» մասնավորեցման գործընթացը ցույց տվեց մեր հանրության իրական թշվառությունը, մշակութասեր հասարակությունը հանրային սեփականության մասնավորեցումը հանդուրժեց՝ առանց դույզն ինչ ընդվզման: Այնուհետև մասնավորեցվեցին «Կինոյի տունը» և Դիլիջանում գտնվող կինեմատոգրաֆիստների տունը: Այդ ամենը ես համարում եմ յուրահատուկ վաուչերիզացիա:
Հիշո՞ւմ եք, 1990-ականների սկզբներին հանրային սեփականությունը վերածվեց ինչ-որ մի ծիծաղելի թղթիկի, որը կոչվում էր վաուչեր, և որը շատերի համոզմամբ համարժեք էր «Սնիկերս»-ի գնին: Փաստորեն, «Հայֆիլմը» սեփականաշնորհվեց կոնֆետի և ծխախոտի գնով:
-Իսկ հնարավո՞ր էր կանխել մասնավորեցումը:
-Կարո՞ղ էր այդպես չլինել, հիմա դժվար է ասել, քանի որ կինոն մեկ-երկու մարդու ցանկությամբ ստեղծվող կամ քանդվող բան չէ, դա հասարակության պահանջ է, մշակույթ է, արդյունաբերություն, այն լուրջ արտադրություն է, տնտեսություն, միաժամանակ արվեստ ու մշակույթ է: Մինչդեռ կինոստուդիայի սեփականաշնորհման հարցում չկային ոչ կառավարության և մասնագետների տնտեսական լուրջ հաշվարկ, ոչ էլ հասարակության պահանջ: Իսկ եթե տեղի է ունենում կրկնակի սեփականաշնորհում, ուրեմն ինչ-որ բան այն չէ:
-Ի՞նչն է պատճառը՝ դերասանների ու կինոարտադրող մասնագետների պակա՞սը, թե՞ արտասահմանյան ֆիլմերի շահութաբերությունը, ինչպես ներկրվող այս կամ այն ապրանքի դեպքում:
-Կինոն նախ և առաջ մշակույթ է, և սեփական մշակույթի պահպանումից հրաժարվելը, պարզապես անմտություն է, եթե ոչ դավաճանություն: «Երևան» ստուդիայի օրինակով կարող եմ ասել, թե այն ինչպես վերականգնվեց հնգամյա դադարից հետո, երբ 1997 թվականին ղեկավարեցի ստուդիան, որտեղ արցախյան պատերազմի պատճառով 1992-93-ից ֆիլմ չէր նկարահանվել: Սակայն 1997-98 թթ. մենք արդեն ֆիլմ էինք նկարել, քանի որ կարողացանք վերականգնել ամենակարևորը՝ լաբորատորիան, որը ֆիլմարտադրության առանցքային մասն է, ամբողջ աշխատանքը կարող էին անել միայն մասնագետները, ովքեր այդ տարիներին նստած էին տանը, ես նրանց դարձյալ հրավիրեցի աշխատանքի: Երբեմն նրանք իրենց հետ բերում էին իրենց երեխաներին, ովքեր տեսնում ու ծանոթանում էին կինոարտադրության գաղտնիքներին ու տարիներ անց ստանձնում ծնողների մասնագիտությունը: Մեզ մոտ այսպես՝ անվճար իրականացվում էր ոչ միայն կադրերի պատրաստման դժվարին ու ծախսատար աշխատանքը, այլև սերնդափոխություն՝ ոչ միայն «Երևան», այլև «Հայֆիլմ» կինոստուդիաներում: Սակայն տարիներ անց կյանքի դժվարին պայմանները հարկադրեցին հիանալի մասնագետներին արտագաղթել, մի քանիսը հեռացան կյանքից, ոմանք այլևս ի վիճակի չեն աշխատելու, այս կերպ նաև մասնագետների պակասի ու սեփականաշնորհման արդյունքում մարեց ԽՍՀՄ-ում լավագույններից մեկը համարվող հայ կինոարտադրությունը:
Ցանկացած իշխանություն պետք է գիտակցի, թե իր քաղաքական ու գաղափարական նպատակների իրագործման համար որքան մեծ է կինոյի դերը: Մի՞թե հնարավոր չէր Եղեռնի 100-րդ տարելիցի կապակցությամբ ֆիլմ նկարահանել, կամ հաջորդ տարի լրանում է Հայաստանի անկախության 100-ամյակը, արդյո՞ք որևէ բան արվում է այդ ուղղությամբ: Վստահ եմ՝ ոչ, քանի որ ժամանակին ես այս թեմայով մի քանի անգամ դիմել եմ մշակույթի նախարարությանը, սակայն ոչ մի պատասխան չեմ ստացել:
-Եթե դուք լինեիք մշակույթի նախարար, ինչի՞ց կսկսեիք բարեփոխումը:
- Ես կհավաքեի այն բոլոր մասնագետներին, ովքեր «Հայֆիլմը» դարձրին «Հայֆիլմ»: Շատերը հարմարվել են եղածին, եթե չկա երազանք, չկա նաև ձգտում: Պետք է հավաքել այն եզակի մարդկանց, ովքեր պահպանել են այդ երազանքը, կրկնել այլ երկրների դրական փորձը, ոչ թե նոր հեծանիվ ստեղծել, դրա կարիքը չկա: Մենք արտասահմանում կրթվող սերունդ ունենք, կարելի է օգտագործել նրանց ներուժը բոլոր բնագավառներում: Հին մասնագետների փորձն ու երիտասարդների ներուժը միավորելով մենք կարող ենք զարգացնել ոչ միայն արվեստը, մշակույթը, այլև կինոարտադրությունը, և ընդհանրապես՝ տնտեսությունը: Մշակութային ողջ դաշտը պետք է պահել աչքի լույսի պես: Եթե մտահոգված ենք Հայաստանի ներկայով ու ապագայով, ապա ազգային արժեք համարվող մեր մշակույթը պետք է գտնվի պետության հովանավորության ներքո, այլապես մասնավորի ձեռքում այն չի ծաղկի, քանի որ մասնավորը կարող է լավ մենեջեր լինել, ոչ ավելի: Լավ ֆիլմեր արտադրելու համար լուրջ մասնագետներ են հարկավոր, այլապես քաղքենի, մանր բուրժուական գաղափարներ արտահայտող, անբարո և հանցագործ կյանքը ներկայացնող սերիալների շարանով սնվող հասարակությանը թմբիրի մեջ պահող «արվեստի» ճանապարհը երկար չի կարող ձգվել: Սերիալներ չեմ ստեղծել և չեմ ստեղծի, դա իմ ոճը չէ:
-«Հայոց թագուհիները» ֆիլմից հետո նոր ֆիլմ ստեղծելու մտադրություն չունե՞ք:
-2014 թվականից հետո նոր ֆիլմ չեմ ստեղծել, վերջինը «Հայոց թագուհիները» ֆիլմն էր: Մի քանի անգամ դիմել եմ առաջարկություններով, ունեմ խաղարկային և վավերագրական ֆիլմերի պատրաստի սցենարներ և իմ համոզմամբ՝ անչափ կարևոր:
-Այսօր ինչո՞վ եք զբաղվում:
-Ինչո՞վ եմ ես զբաղվում, բնականաբար թոռնիկներիս դաստիարակությամբ, քանի որ ոչ մի տեղ չեմ աշխատում, այլևս ֆիլմեր չեմ ստեղծում և որևէ տեղ չեմ դասավանդում: Ինձ վրա առհասարակ տաբու է դրված: Իսկ այլ երկրում աշխատելու ցանկություն չունեմ, ես ընտանիք ունեմ և հետո շատ եմ սիրում այն, ինչ տեսնում եմ իմ պատուհանից՝ Արարատը, ես մեկ այլ տեղում չեմ տեսնի նման բան: Ինձ ստիպում են, փաստորեն, հեռանալ երկրից, սակայն ես չեմ հեռացել ու չեմ պատրաստվում հեռանալու, թեև ոմանց թվում է, թե ապրում եմ Հայաստանից դուրս: Ոչ, ես ապրում եմ իմ երկրում:
Զրույցը՝ Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ